Վաղինակ Բյուրատ
Վաղինակ Բյուրատ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10 (22), 1886 |
Ծննդավայր | Զեյթուն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1972 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Արամյան-Ունճյան վարժարան և Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Մասնագիտություն | հրատարակիչ և թարգմանիչ |
Վաղինակ Սմբատի Բյուրատ (սեպտեմբերի 10 (22), 1886, Զեյթուն, Օսմանյան կայսրություն - 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հրատարակիչ, թարգմանիչ, մշակույթի գործիչ։ Հայ հրապարակախոս, արձակագիր Սմբատ Բյուրատի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղինակ Բյուրատը ծնվել է 1886 թվականի սեպտեմբերի 10(22)-ին Զեյթունում։ Սովորել է նախ Կ. Պոլսի Արամյան վարժարանում, ապա՝ Կահիրեում՝ հոր հիմնադրած կրթարանում, Ալեքսանդրիայի շվեյցարական դպրոցում և Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1909 թվականին Կ. Պոլսում հոր հետ հիմնադրել է հրատարակչատուն և գրքեր հրատարակել «Ժամանակակից մատենաշար»-ով։ Մինչև 1914 թվականը տպագրել է 32 անուն գիրք, հիմնականում՝ արևմտահայ ժամանակակից գրողների (Գրիգոր Զոհրապ, Լևոն Շանթ, Արշակ Չոպանյան, Տիգրան Չյոկյուրյան և ուրիշներ) ստեղծագործություններ։
1914 թվականին թուրք. իշխանությունը բռնագրավել է տպարանը։ Բյուրատը հրատարակչական գործը վերսկսել է 1920 թվականին և մինչև 1924 թվականը տպագրել ևս 21 անուն գիրք։
Եղել է ֆրանսիական «Մարին» օրաթերթի թղթակցի անձնական թարգմանը։
1925 թվականին Կ. Պոլսից հեռացել է՝ հրատարակչական գործը հանձնելով Սիրիայի հրատարակչական ընկերությանը։ 1936 թվականին Բեյրութում վերսկսել է տպագրական գործը և մինչև 1941 թվականը լույս ընծայել 41 անուն գիրք՝ իր հրատարակությունների թիվը հասցնելով 94-ի, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (պատկերազարդ) և Ժ. Լերմինայի «Մոնտե Քրիստոյի որդին» ստվարածավալ (6 հատոր) երկը՝ իր թարգմանությամբ։
1946 թվականին Ա. Իսահակյանի միջնորդությամբ և պետական հրավերով հայրենադարձել է։
Օգտվելով Կ. Պոլսի պատրիարքարանի արխիվի նյութերից՝ պատրաստել է «Պանթյուրքիզմ և քեմալական շրջան», «Իմ հուշերը արևմտահայ գրողների մասին» ուսումնասիրությունները. ձեռագրերը հանձնել է ԳԱԹ-ին, որոնք ընտրողաբար տպագրվել են («Իմ կյանքի հուշերից», 1999[1], «Ընտիր էջեր», 2002)։
Վաղինակ Բյուրատը մահացել է 1972 թվականին Երևանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |